Նախագահի ապարատի ուռճացում չի լինելու, պլանավորում ենք ոհւնվարի 1-ից կրճատել ավտոմեքենաների քանակը, անիմաստ ծախսերը նաեւ օպտիմալացում ենք անելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, ավելացրել են տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ այդ ոլորտի բարեփոխումներ պետք է իրականացվեն, կառավարման մոդելը պետք է փոխվի:

Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե Արցախում հնարավոր է երկիշխանություն ստեղծվի՝ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի գործոնը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Բացառվում է, որ  Արցախում երկիշխանություն ստեղծվի: Անվտանգության խորհրդի աշխատողների քանակի ավելացման առաջարկությունը եղել է իմ կողմից, խորհրդի հանձնարարակաները տալիս եմ ես: Ծավալուն հանձնարարականներ եմ տվել սկսած պետական կառավարման համակարգի օպտիմալացման, տարբեր ծառայությունների արդյունավետության, ռազմավարական ծրագրերի ուսումնասիրման եւ  քննարկման վերաբերյալ: Քանի որ երկրի նախագահը միանձնյա ղեկավար է, խորհրդատվական մարմին է լինելու նաեւ անվտանգության խորհուրդը, որ շատ հարցերում զսպող մեխանիզմը լինի»,-ասաց նա: