Արմավիրի մարզում մոտ 1 տասնյակ անձի ալկոհոլային թունավորման հետեւանքով մահվան հասցնելու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն ավելի քան 10 տարի սպիրտ էր գնում եւ տնային պայմաններում օղի պատրաստում: Այս մասին NEWS.am-ին պատմել են արմավիրցիները:

Նրանց խոսքով, 50-ամյա տղամարդն օղին պատրաստում էր տան նկուղում:

«Այս անգամ իրեն անորակ սպիրտ վաճառել, ինչն էլ նման ողբերգության է հանգեցրել»,- ասացին արմավիրցիները:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, որից 11-ը՝ մահվան ելքով:

Արմավիրի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նրանք թունավորվել են Արմավիր քաղաքի բնակչից՝ 50-ամյա Աշոտ Հովսեփյանից գնած, տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին խմելու հետևանքով։ Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ օղուց գնած անձանց հայտնաբերելու, ինչպես և վտանգավոր արտադրանքը շրջանառությունից ամբողջովին դուրս բերելու ուղղությամբ։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, ոստիկանությունը հորդորում է չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։