Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի քան 100 ընդդիմադիր քաղաքական գործչի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսին:

Համաներված քաղաքական գործիչների թվում են նաև ընդդիմադիր պատգամավորներ Ֆրեդի Գևարան և Հենրի Ռամոս Ալուպը, որոնց նկատմամբ թեև քննություն է տարվում, սակայն նրանք մեղավոր չեն ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքներով:

Հրամանագրի տեքստի համաձայն՝  նպատակն է «նպաստել ազգային հաշտեցմանն ու խաղաղության ձեռքբերմանը»: Ռոդրիգեսի կարծիքով` Մադուրոյի հրամանը պետք է նպաստի «խորհրդարանական ընտրություններին քաղաքական գործիչների և ընտրողների մասնակցության թվի աճին»:

Համաներված քաղաքական գործիչների ցուցակում ներառված են ինչպես ընդդիմադիրներ, որոնք ձերբակալվել են, այնպես էլ մարդիկ, որոնց նկատմամբ քննություն է տարվում, սակայն նրանք ազատության մեջ են: Նրանցից ոմանք փախել են երկրից կամ թաքնվում են այլ երկրների դեսպանատներում: Ներում է շնորհվել երկրի խորհրդարանի 23 պատգամավորի: Վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեոպոլդո Լոպեսը, ցուցակում չի ներառվել: