Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը՝ գրառումը հեգնանքով վերնագրելով. «STAP! KORUPCION SKANDAL!!!»:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ ուրեմն, առանձնացնենք իրենց լրատվամիջոց հռչակած «Փաստինֆո» և այլ կայքերի կոնկրետ 2 ստերին։

Սուտ #1 — Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։ Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը ՏԱՍՆՅԱԿ անգամներ ուռճացված է։

Սուտ #2 — Կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։

Պարզաբանում.

Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։

Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»: