Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիներից եւս մեկը հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս անգամ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գալուստ Սահակյանի որդիներից Տիգրան Սահակյանի նկատմամբ, որը եղել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալը: Մեզ հասած լուրերի համաձայն, քրեական գործը հարուցվել է եւ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի՝ Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու հատկանիշներով:

Ի դեպ նշենք, որ Քննչական կոմիտեն ՀՀԿ փոխնախագահի որդիներից եւս մեկի մասով մայիսի 29-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց նշելով, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներագրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Արման Սահակյանը 2011-2018թթ-ին զբաղեցրել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Քննիչի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամի գրավ: Ասել է, թե Գալուստ Սահակյանի երկու որդիները իրավապահների տեսադաշտում են հայտնվել, մեկ որդին մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, մյուսը խաբեությամբ ուրիշին գույքային վնաս պատճառելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում