Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմայի» հետ պայմանագիր է կնքել «1+1» ձևաչափով: Այդ մասին թվիթերյան էջում գրել է իտալացի լրագրող Դավիդ Մորեսեկոն:

31-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Գործարքի ֆինանսական կողմը չի նշվում: Իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը «Ռոմայում» կստանա ավելի ցածր աշխատավարձ, քան Լոնդոնի «Արսենալում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն օրերս խզել էր «Արսենալի» հետ պայմանագիրը և դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ: Ավարտված մրցաշրջանում նա վազրձավճարով էր հանդես գալիս իտալական ակումբում: Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին էր տեղափոխվել «Արսենալ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):