Այս սեզոնի իններորդ թայֆունը` Մայսակը, որը ձեւավորվել էր մի քանի օր առաջ, երեքշաբթի առավոտյան սաստկացել է մինչեւ սուպեր թայֆունի աստիճան` դառնալով այս տարվա ամենաուժեղ արեւադարձային ցիկլոնն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը, որը սեպտեմբերի 1-ին պահպանել է կապույտ վտանգի նախնական մակարդակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քամու արագությունը թայֆունի կենտրոնական հատվածում ներկայումս հասնում է վայրկյանում 52 մետրի: Արեւադարձային ցիկլոնը տեղակայված է հարավկորեական Չեդժուդո կղզուց մոտ 660 կիլոմետր հեռավորության վրա: Այն շարունակում է շարժվել դեպի հյուսիս` Կորեական թերակղզու ուղղությամբ, ժամում շուրջ 18 կիլոմետր արագությամբ:

Առաջիկա երկու օրերին թայֆունի ազդեցությունը կզգացվի Արեւելյան Չինաստանի մի շարք ափամերձ շրջաններում: «Մայսակ»-ը  չի հարվածի ափամերձ շրջանին եւ շոշափելով` իր հետ փոթորկոտ քամի, ուժեղ ալիքներ եւ տեղատարափ անձրեւներ բերելով: Որոշ շրջաններում քամու պոռթկումները կարող են վայրկյանում 20 մետրի հասնել:

Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` թայֆունը Հարավային Կորեայի ափեր կհասնի չորեքշաբթի` օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ նա պետք է ավելի թույլ լինի: Դրանից հետո «Մայսակը»  կշարունակի շարժվել դեպի Չինաստանի հյուսիսարեւելյան Ցզիլին նահանգ, որտեղ տեղական իշխանությունները ներկայումս պահպանում են նարնջագույն վտանգի մակարդակը:

Չինաստանում բնակչությանն աղետների մասին նախազգուշացման քառաստիճան համակարգ է գործում, որն իր մեջ ներառում է կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր գույները: