ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է նյութեր եւ սարքավորումներ ձեռք բերել իր բալիստիկ հրթիռների ծրագրի համար` չնայած Վաշինգտոնում արվող հայտարարություններին այն մասին, որ Փհենյանը հրաժարվել է իր միջուկային հավակնություններից, փոխանցում է AFP-ն:

Ֆինանսների, առեւտրի եւ պետական դեպարտամենտի համատեղ գլոբալ «խորհրդատվական եզրակացության» մեջ մանրամասն նկարագրված են Հյուսիսային Կորեայի ընթացիկ ջանքերն ամեն ինչ ստանալու ուղղությամբ` հրթիռային սարքերի արձակման համար բեռնատարներից մինչեւ սովորական մետաղներ եւ նյութեր, որոնք կարող են օգտագործվել հրթիռների մեջ:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Փհենյանի` հրթիռների մշակման ջանքերը «լուրջ վտանգ են ներկայացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային կայունության համար»:

Երկու երկրների միջեւ միջուկային զենքի ոլորտում Հյուսիսային Կորեայի առաջխաղացումը կասեցնելու բանակցությունները, որոնք սկսվել են նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի 2018 թվականի գագաթնաժողովում, փակուղու մեջ են հայտնվել անցյալ տարվա սկզբից:
Այնուամենայնիվ, նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ Թրամփը եւ նրա քարոզարշավը հայտարարել էին հաջողության մասին Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում:

«Չնայած ամեն ինչին` նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվեց բանակցային սեղանի շուրջ բերել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը: Ոչ մի միջուկային փորձարկում չկա: Հեռահար հրթիռների ոչ մի փորձարկում չկա»,- անցյալ շաբաթ կայացած հանրապետականների համագումարին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: