ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Black Lives Matter («Սեւերի կյանքերը նշանակություն ունեն»)  շարժման հսկայական գրությունը Նյու Յորքի կենտրոնում գտնվող Trump Tower երկնաքերի դիմաց ասֆալտի վրա շատերի մոտ զայրույթ է առաջացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Fox News-ի եթերում ԱՄՆ առաջնորդը նշել է, որ վերջին ամիսներին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խնդրանքով նա բազմիցս օգնություն է հատկացրել ԱՄՆ խոշորագույն մայրաքաղաքին նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին: «Ես այնքան շատ բան արեցի, իսկ ի՞նչ եղավ հետո: Նա թողեց Black Lives Matter գրությունը Trump Tower-ի դիմաց»,- ասել է Թրամփը` խոսելով դե Բլազիոյի մասին:

«Մարդիկ վանդալիզմի գործողություններ են կատարում դրա նկատմամբ: Մարդիկ այնքան զայրացած են: Դա այնքան է զայրացնում: Գիտեք ինչ է կատարվում: Մարդիկ ներկ են լցնում դրա վրա,- ասել է Թրամփը:- Քանի որ դա որպես վատ բան է մտածվել»:

Դե Բլազիոն հուլիսի սկզբին մասնակցել էր ասֆալտի վրա կարգախոսը գրելուն: Գրությունն առնվազն երկու անգամ փորձել էին ներկով ծածկել: Trump Tower-ում գտնվում է Trump Organization խոշոր ընկերության կենտրոնական գրասենյակը: 2016-ին նույն շենքում տեղակայված էր Թրամփի նախընտրական շտաբը: Հունիսի սկզբին դե Բլազիոն հայտարարել էր, որ «Սեւերի կյանքերը նշանակություն ունեն» գրությունը կհայտնվի Նյու Յորքի բոլոր թաղամասերի փողոցներին:

Black Lives Matter շարժումը ակտիվորեն մասնակցում է զանգվածային բողոքներին, որոնք սկսվել են ԱՄՆ-ում Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Զորջ Ֆլոյդի մահվից հետո: Մայիսի 25-ին ոստիկանությունը նրա ձերբակալման ժամանակ խեղդող հնարք էր կիրառել: Ձերբակալությանը մասնակցած բոլոր չորս իրավապահներն աշխատանքից հեռացվել են, նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել: