Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետևանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել իր և հաշմադամություն ունեցող դստեր անվտանգության համար:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել Ոստիկանության հետ, ուսումնասիրվել են դեպքի հանգամանքները: Արդյունքում, քաղաքացու ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է նաև կնոջը և նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը:

Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան: