Գագիկ Ծառուկյանը կուսակցության ակտիվի հետ հանդիպում է ունեցել և բազմաթիվ հարցեր են քննարկվել, բայց չգիտես ինչու շեշտադրումը դրվեց նրա վրա, որ ԲՀԿ-ն անհրաժեշտության դեպքում անցկացնելու է մեծ հանրահավաք, որ ժողովրդի ձայնը լսելի լինի իշխանություններին, այո, անցկացնելու է,  որովհետև տպավորություն է, որ իշխանությունը ֆեյսբուքյան կտրված իրականության մեջ է ապրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչների կողմից շնչակտուր հայտարարություններ հնչեցին: Այո՛, մենք պատրաստվում ենք հանրահավաք անցկացնել, մեր երիտասարդական կառույցը հարցումներ է անցկացրել բոլոր մարզերում կրթության չափորոշիչների վերաբերյալ մեր բնակչության կարծիքն իմանալու նպատակով և հարցվածների 95 տոկոսը դեմ է արտահայտվել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան «Պատմություն» առարկայի մեջ ներառելուն, «Հայ գրականություն» առարկայից «հայ» բաղադրիչը հանելուն, սեռական դաստիարակության վաղ տարիքում կրթական ծրագրում ընդգրկելուն: Այնպես որ, մեր այս բոլոր դիտարկումները հնչեցնելու համար այո, մենք օգտագործելու ենք հանրահավաքներ անցկացնելու գործիքակազմը»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ իրեն ժողովրդի ընտրյալ համարող իշխանությունը պետք է այդպես ցայտնոտի մեջ չընկներ հանրահավաք անցկացնելու իրենց այդ ցանկությունից և «ժողովրդավարության հռչակման գաղափարների տրամադրության մեջ պետք է, որ ցնցակաթվածային դրսևորումներ չարձանագրվեին»:

Դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանը ամռան սկզբին խոսում էր կառավարության կազմի 100 տոկոս փոփոխության անհրաժեշտության մասին, հիմա կրթական ծրագրերի, գյուղատնտեսական ծրագրերի մասին է խոսում, հետքա՞յլ է սա, Տոնոյանը նշեց, որ որևէ բան չի փոխվել:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։