Մեծարգո պարոն Վաչապետ և պարոն Ոստիկանապետ, Ամուլսարի շրջակա համայնքների օրինապաշտ, ազնիվ ու աշխատող հարյուրավոր բնակիչների և “Ամուլսարի Հանք” նախաձեռնող խմբի անունից դիմում ենք Ձեզ՝ պահանջելով պաշտպանել օրենքը:

Չգիտենք` տեղյակ եք, թե՝ ոչ, բայց արդեն մի քանի օր է Ամուլսարի դեմ պայքարողների խումբը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում համայնքի այն բնակիչների հասցեին, ովքեր այս շաբաթ պետք է վերսկսեն իրենց օրինական աշխատանքը Ամուլսարի տարածքում: Արդեն համարյա երեք տարի է համայնքի բնակիչները զրկված ենք օրինական աշխատելու իրավունքից:

Այս տարածքում տիրում է վախի և անօրինականության մթնոլորտ, մարդիկ իրենց սեփական երկրում պաշտպանված չեն զգում։ Մենք ականատես ենք լինում օրենքի բացակայության ու երկակի ստանդարտների։ Օրեր առաջ, երբ Լիդիանի պահնորդները իրենց տնակները տեղադրեցին մուտքերի մոտ, դա համարվեց անօրինականություն և տնակները հետ տարվեցին

։ Մինչդեռ ճանապարհ փակողները երեկ գիշերը իրենց վագոն- տնակները դարձյալ տեղադրել են մեր համայնքային ճանապարհի վրա, ցուցադրելով, որ ոչ մի օրենքի չեն ենթարկվելու։ Նրանք համայնքի բազմաթիվ բնակիչներին, ովքեր դիմում են ներկայացրել Ամուլսարում աշխատելու համար, ուղիղ եթերում սպառնում են, որ արյունահեղություն է լինելու:

Չէ՞ որ դուք ասում էիք, որ մեր երկրում չի լինելու զոռբայություն ու ապօրինություն: Հիմա ի՞նչն է խնդիրը, որ երկու տարի դուք չեք լուծում այս հարցը և վերջ չեք տալիս այս անօրինականությանը։ Եթե պետությունը ի վիճակի չէ ապահովել մեր՝ բնակիչներիս անվտանգությունը և իրավունքները, որտե՞ղ և ումի՞ց պետք է Հայաստանի քաղաքացիները օրենք ու պաշտպանություն ակնկալեն։ Ո՞ր միջազգային ատյաններին դիմեն համայնքների բնակիչները, եթե Կառավարությունը ու Ոստիկանությունը ի վիճակի չեն ապահովել օրենքն ու օրինականությունը։ «Ամուլսարի Հանք» նախաձեռնող խումբ