Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում, դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, այսօր քննվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Այսօրվա դատական նիստին պատասխանող կողմից ոչ ոք չկար, իսկ հայցվոր կողմից ներկայացել էին ներկայացուցիչները։

Դատական նիստը շարունակվեց պատասխանող կողմի բացակայությամբ, քանի որ վերջիններս ծանուցված են եղել նիստի մասին, սակայն չեն ներկայացել։

Հայցվոր կողմը պնդեց իր հայցապահանջը։

Նիստին քննարկվեց նաեւ ապացուցման բեռը բաշխելու վերաբերյալ հարցը։

Վանեցյանի ներկայացուցիչներից Արգիշտի Կիվիրյանն ասաց, թե, քանի որ տեղի է ունեցել զրպարտություն, պատասխանողը պետք է ապացուցի տվյալները, որոնք հրապարակել է․ «Պատասխանող կողմն է կրում հոդվածում հրապարակված փաստ ներկայացնող տվյալների ապացուցման բեռը»։

Նաեւ ասաց, որ վնասի փոխհատուցամ համար սահմանած 2 միլիոն դրամ հետ կապված բեռը պատրաստ են իրենք կրել, այսինքն՝ պարզաբանել, թե ինչու 2 միլիոն դրամ են պահանջում։

Այնուհետեւ դատարանը ներկայացուցիչների հետ նախադասություն առ նախադասություն անդրադարձավ հրապարակմանը, որն, ըստ Վանեցյանի ներկայացուցիչների ամբողջովին զրպարտություն է։ Խոսքը ոչ միայն Վանեցյանի, այլ նաեւ վերջինիս ծնողների մասին է։ Հայցվոր կողմը նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ծննդյան վկայական, որը կփաստի, որ Արթուր Վանեցյանը Գագիկ Վանեցյանի եւ Մարգարիտա Ազարյանի որդին է։

Բացի դա, նշեցին, որ ամբողջ հոդվածը զրպարտություն է հենց Արթուր Վանեցյանի մասով, որովհետեւ նյութի հետ տեղադրել են նախկին պաշտոնյայի լուսանկարը․ «Թիրախավորելով Վանեցյանի ծնողներին, թիրախավորել են նաեւ Արթուր Վանեցյանին»։

Դատարանը որոշեց, որ, այնուամենայնիվ, հայցվոր կողմը ներկայացնի Արթուր Վանեցյանի ծննդյան վկայականը, որն էլ կապացուցի, թե ովքեր են նրա ծնողները։

Դատավորը նշեց, որ ապացուցման բեռը կբաշխի, երբ կներկայացվի ծննդյան վկայականը։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 24֊ին, ժամը 10։30-ին։

Ավելի վաղ, հիշեցնենք, ԶԼՄ-ն տեղեկություն էր հրապարակել, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին, համատեղ ձեռնարկել են լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք՝ համապատասխան նշանակման վայրեր:

Ըստ հայցադիմումի՝ Արթուր Վանեցյանը և նրա ծնողները պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։