Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգեւներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության եւ այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգեւներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության եւ այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների:

Այդ մարդկանց թվում էին Պաշտպանության բանակի զինծառայողներ Կարեն Շաքարյանը, Կարեն Առստամյանը եւ Սամվել Պողոսյանը, ովքեր արժանացան գեներալ-մայորի զինվորական բարձր կոչման: Նրանց շարքն եմ ուզում դասել նաեւ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրված լեգենդար հրամանատար Հայկ Սարգսյանին, ով արցախյան պատերազմում կերտած հաղթանակի եւ բանակաշինության հետագա աշխատանքների առաջամարտիկներից է:

Նրանք մեր Հայրենիքի անդորրը ապահովող տղաներին մարմնավորող այն հերոսական կերպարներն են, որոնց փորձն ու գիտելիքները դեռ երկար ժամանակ ի սպաս են դրվելու բանակաշինության եւ պետականության ամրապնդմանը:

Պատի՛վ ունեմ»։