Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել ի վնաս պաղեստինցիների գործին: Այս մասին հայտարարել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղությունը ռազմավարական ընտրություն է, բայց` ոչ ի վնաս պաղեստինցիների գործին»,- նրա խոսքերը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը:
Թագաժառանգն Արաբական Միացյալ Էմիրությունները երկրորդ երկիր է անվանել պաղեստինցիների համար` հավելելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները «հավատարիմ են Պաղեստինյան պետության ստեղծմանն Արեւելյան Երուսաղեմում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման շուրջ: Ըստ համաձայնագրերի` Իսրայելը կդադարեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով:

Անմիջապես հայտարարվել էր, որ Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակությունները շուտով կարող են երկկողմ համաձայնագրեր ստորագրել, այդ թվում` ներդրումների, զբոսաշրջության, անվտանգության, հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի եւ դեսպանատների փոխադարձ հիմնման վերաբերյալ: