Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին օգոստոսի 13-ին կնքված համաձայնագիրը քայլ է դեպի ավելի կայուն եւ բարգավաճ Մերձավոր Արեւելք: Այս մասին նշվում է ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի իշխանությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է երկուշաբթի օրը Աբու Դաբիում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի օգոստոսի 13-ին Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը համարձակ քայլ է դեպի ավելի կայուն, միավորված եւ բարգավաճ Մերձավոր Արեւելք: Այն շրջում է տարածաշրջանի խնդիրների լուծման ավանդական ընկալումը` շեշտը դնելով շոշափելի, գործնական արդյունքներ ունեցող պրագմատիկ քայլերի վրա: Համաձայնագիրն իր մեջ նոր կամուրջներ ստեղծելու հույս է կրում, որոնք կօգնեն գոյություն ունեցող կոնֆլիկտների դեէսկալացմանը եւ կոնֆլիկտների կանխմանն ապագայում»,- հայտարարության տեքստը մեջբերում է Emirates News Agency-ն (WAM):