Կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի Շվեդիայի մոտեցումը մի մոդել է, որին պետք է ձգտեն այլ երկրներ երկարաժամկետ հեռանկարում, հայտարարել է COVID-19-ի հարցով ԱՀԿ վեց հատուկ դեսպանորդներից Դեւիդ Նաբարոն: «Ճիշտ մոտեցում, որին մենք պետք է բոլորս ձգտենք, սա վարքագիծ է, որը ամենուր ընդունված է մարդկանց կողմից»,- ասել է նա նորզելանդական Magic Talk ռադիոյի եթերում (մեջբերում է Bloomberg-ը):

Նա վստահությունն անվանել է կորոնավիրուսի դեմ պայքարում կայուն հաջողության գրավական եւ օրինակ է բերել Շվեդիային: Համեմատած այլ երկրների հետ՝ Շվեդիան համավարակի սկզբում տեղաշարժի ավելի մեղմ սահմանափակումներ էր մտցրել՝ ապավինելով նրան, որ բնակչությունը խելամտություն կցուցաբերի եւ կհետեւի սահմանված կանոններին: «Շվեդիայում կառավարությունը կարողացավ վստահել հասարակությանը, իսկ հասարակությունը՝ կառավարությանը»,- պարզաբանել է Նաբարոն: ԱՀԿ հատուկ դեսպանորդը մեկուսացումը անվանել է «կոպիտ գործիք», որը «իրականում կրճատում է բոլորի, հատկապես աղքատների ու փոքր ձեռնարկությունների գոյության միջոցները», փոխանցում է Forbes-ը:

Շվեդիայում համավարակի ժամանակ, Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, օգոստոսի 31-ին գրանցվել է կորոնավիրուսով 83 958 վարակված, նրանցից 5821-ը մահացել է: Մահացության մակարդակը կազմել է 57՝ յուրաքանչյուր 100 000 մարդուց, ինչը շատ ավելի բարձր է, քան, օրինակ, հարեւան սկանդինավյան երկրներում (Նորվեգիա՝ 5, Ֆինլանդիա՝ 6, Դանիա՝ 11): Սակայն COVID-19-ով վարակումների եւ մահվան դեպքերի աճի տեմպերը հունիսի վերջից զգալիորեն դանդաղել են, եւ Շվեդիայի առողջապահության ազգային գործակալությունը նույնիսկ առաջարկել է հանրային միջոցառումների մասնակիցների սահմանը 50-ից բարձրացնել 500 մարդու: Միաժամանակ, ամբողջ աշխարհի կառավարությունները վերադառնում են խիստ միջոցների՝ հիվանդացության նոր ալիքի պայմաններում:

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը համաճարակի զսպման համար ինքնամեկուսացման ռեժիմ չի սահմանել եւ չի փակել դպրոցներն ու հասարակական վայրերը: Բնակչությանը միայն խորհուրդ է տրվել պահպանել սոցիալական հեռավորության սկզբունքները: Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը գրեթե ամբողջ աշխարհում ներդրված կարանտինային միջոցառումներն անվանել է «խելագարության» ձեւ, որը հակասում է վիրուսային համաճարակներին հակազդելու տեսություններին: Տեգնելը սատարում է կոլեկտիվ իմունիտետի տեսությանը, որի համաձայն՝ բնակչությունը պետք է անընկալունակ լինի վիրուսի հանդեպ, երբ մարդկանց առնվազն 60%-ը վարակված լինի դրանով:

Սակայն ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են օգոստոսին Մեծ Բրիտանիայի Թագավորական բժշկական ընկերության կայքում, պարզել է, որ ապրիլ-մայիս ամիսներին Ստոկհոլմում եւ Լոնդոնում իմունիտետի մակարդակը նույնն է եղել` բնակչության 17%-ը, չնայած , որ Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Շվեդիայի, սահմանափակող միջոցներ է կիրառել: Շվեդիայում ընտրված ռազմավարության արդյունավետության վերաբերյալ կարծիքները տարբեր են, նշում է Bloomberg-ը։ Շվեդական հանրային առողջապահական գործակալության ղեկավար Յոհան Կառլսոնը վերջերս հարցազրույցում ասել է, թե Շվեդիան քչերից մեկն է, որ հաղթահարել է վարակի տարածման սահմանափակումները: Միեւնույն ժամանակ, Ումեոյի համալսարանի վարակաբանության պրոֆեսոր Ֆրեդրիկ Էլգը ուշադրություն է հրավիրել երկրում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակի վրա: «Մենք գրեթե 6000 զոհ ունենք: Մենք դավաճանեցինք մեր ծերերեին»,- ասել է նա: