SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 31-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի), Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության (վարչության պետ Հովհաննես Խաչատրյանի) և նույն վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների (բաժնի պետ Հունան Գարանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արգամ Մայիլյանի, Վոլոդյա Սարգսյանի) գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Տավուշի մարզում տեղի ունեցած սպանությունը։

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։25-ին Ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա։

Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի քննչական վարչության և Բերդի քննչական բաժնի քննիչները, ովքեր նշված տան ներսում հայտնաբերել են 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին, գլխի և մարմնի տարբեր մասերին ստացված վնասվածքներով։

Տավուշի մարզի ոստիկանները տեղում ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ Ա․ Աբգարյանին Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Բաբայանին պատկանող առաձնատան բակում ինչ-որ հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով, սպանել է Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Արտյոմ Դավիդյանը։

Վերջինս տաք հետքերով հայտնաբերվել է և ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: