2019-ի փետրվարի 15-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասում էր, որ 450 «ԳԱԶել»-ներ պետք է ցանցից դուրս մնան, քանի որ նրանց 15 տարին լրացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ այդ «ԳԱԶել»-ները, որ պետք է դուրս մնային գծերից, դուրս չեն մնացել:

«Փաստացի ունենք իրավիճակ, երբ խախտված է կառավարության համապատասխան որոշումը: Բնականաբար խոսքը գերմաշված «ԳԱԶել»-ների մասին է: Ներքին հրահանգ է տրվել՝ եկեք պահենք այս 15 տարին լրացած «ԳԱԶել»-ները, մինչեւ տեսնենք ինչ է լինում, մինչեւ տեսնենք, թե քանի խմբաքանակ կգա:

Եթե այդ «ԳԱԶել»-ներից մեկը վնասվի քաղաքում, պայթյուն տեղի ունենա, վթար տեղի ունենա, զոհեր լինեն, քրգործ են հարուցելու, գտնեն այն շարքային աշխատողին, որն ստանում է ասենք 120 հազար դրամ աշխատավարձ, որը պետք է հսկեր 15 տարին լրացած լինել-չլինելու հարցը, նրան ենթարկեն քրեական պատասխանատվության, մինչդեռ ներքին հրահանգն իրենք են տվել:

Իմ պնդում հետեւյալն է. կամ պետք է այդ 450 «ԳԱԶել»-ները գծերից դուրս գան, կամ պետք է կառավարությունը այս որոշումը փոփոխի, իր վրա վերցնի պատասխանատվությունը, որ այս «ԳԱԶել»,-երը պետք է շահագործվեն քաղաքում»,-ասաց նա:

Խաժակյանն առաջարկեց՝ այս պահից սկսած թողնել մեծամիտ վերաբերմունքը, ներգրավել մասնավոր ներդրողների, միասնական օպերատորի, ցանկալի է երկուսին ամբողջ քաղաքի սպասարկման համար:

«Թող այդ կազմակերպությունները բերեն նոր ավտոբուսներ: Իհարկե, դա ժամանակ է տանելու, բայց գոնե հիմիկվանից սկսենք: Եթե հիմա նորից 100 ավտոբուսի մրցույթ հայտարարեն, դա ենթադրում է 25 մլն եվրո: Քաղաքին անհրաժեշտ է 900 ավտոբուս, հիմա քանի՞ 25 մլն եբվրո պետք է վերցնենք դրսից: Ես պատկերացնում եմ մասնավոր կառավարում քաղաքապետարանի հսկողությամբ, բայց քանի որ քաղաքապետը նախընտրում է, որ դա լինի համայնքային գույք, որ բենզին էլ իրենք առնեն, ամեն ինչն էլ իրենք առնեն, բնականաբար նախընտրում է ցանցը ինքնուրույն կառուցել»,-ասաց Խաժակյանը: