ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին (Անդրանիկ Սողոյան, մականունը՝ ԶԱՊ-խմբ):

Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ եւ գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի  ձեռք է բերել, պահել եւ փոխադրել է թմրամիջոցներ:

Մասնավորապես՝ Ա. Ղ.-ն, գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, 2019 թ. հունիսին համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի հետ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր եւ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու հարցում իրեն օժանդակելու շուրջ: Այնուհետեւ, Կ. Ս.-ն 2019 թ. հունիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 0,3192 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր եւ մանր չափի՝ 0,31 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց՝ Ա. Ղ.-ին ապօրինի փոխանցելու համար: Կ. Ս,-ն, հիշյալ թմրամիջոցներն իր մոտ թաքցրած, նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում կայացած դատական նիստին մասնակցելու նպատակով տեղափոխվել է դատարան, որտեղ թմրամիջոցներն ապօրինի փոխանցել է Ա. Ղ.-ին։ Վերջինս, նշված թմրամիջոցները վարտիքի մեջ թաքցնելով, իր հետ տեղափոխել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ դրանք հայտնաբերվել են անձնական խուզարկության արդյունքում:

Նույն քրեական գործի շրջանակներում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Կ.Ս-ին: Ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը խափանելու, կանխելու եւ չեզոքացնելու ուղղությամբ: