Այսօր կայացել է առաջին կոմերցիոն չվերթն Իսրայելից Արաբական Միացյալ Էմիրություններ՝ կարևոր քայլ դառնալով երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, «Էլ-Ալ» ավիաուղիների 3 ժամանոց չվերթով Էմիրություններ է ժամանել իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը:

Նշվում է, որ ինքնաթիռին թույլ է տրվել անցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով, որը, սովորաբար, փակ է իսրայելական օդանավերի համար:

Արաբական Միացյալ Էմիրությունները երրորդ երկիրն է դարձել Միջին Արևելքում, որը ճանաչել է Իսրայելը՝ 1948 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ երկրների միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին հայտարարվել է օգոստոսի 13-ին: