Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն ամուր կանգնած է Բելառուսում ցուցարարների կողքին, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է անում երկխոսություն սկսել ընդդիմության հետ, որում միջնորդի դերը պատրաստ է ստանձնել ԵԱՀԿ-ն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զայբերթի խոսքով` «բազմաթիվ վստահելի աղբյուրների տեղեկություններով՝ հանգստյան օրերին Բելառուսում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում բազմաթիվ խաղաղ ցուցարարներ են ձերբակալվել»:

«Հազարավոր մարդկանց քաջությունը տպավորիչ է: Նրանք թույլ չեն տվել վախեցնել իրենց Լուկաշենկոյի և նրա հատուկ ուժերի շարունակվող բռնաճնշումներով: Ցավոք, առաջվա պես տեղեկություններ են ստացվում լիազորությունների չարաշահման և բանտերի պատերից այն կողմ տանջանքների մասին: Այդ հաղորդագրություններից կարելի է պատկերացնել, թե ինչ ռիսկի են ենթարկվում ցուցարարները, մանավանդ, ինչպես անցած շաբաթ օրը, կանայք: Կառավարությունն ամուր կանգնած է մարդկանց կողքին իրենց ազատության, քաղաքական մասնակցության և քաղաքական փոփոխությունների ցանկության հարցում»,-ասել է Զայբերթը:

Նա հավելել է, որ Լուկաշենկոն «պետք է ընդունի իրականությունը երկրում»:

«Բաց երկխոսություն է պահանջվում իշխանությունների, ընդդիմադիր ուժերի և Բելառուսի ամբողջ հասարակության միջև, որը կբերի ներկայիս ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը: Դրան կրկին պատրաստակամություն է հայտնել Համակարգող խորհուրդը: ԵԱՀԿ-ն պատրաստ է միջնորդի դեր ստանձնել նման երկխոսության հարցում»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: