Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները․ ամերիկյան Novavax ընկերության մշակած դեղամիջոցը 80 կամավոր կստանա, նույնքան կամավոր էլ՝ պլացեբո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Paratus Clinical հետազոտական կենտրոնից հայտնել են, որ զանգվածային կլինիկական փորձարկումներին ԱՄՆ-ից ու Ավստրալիայից միաժամանակ մոտ 1500 մարդ է մասնակցելու։

Թեստավորման առաջին մասնակիցները Կանբերրայից համալսարանի աշխատակիցներ ու ուսանողներ են։

Նշվում է, որ փորձարկումների համար Կանբերրան է ընտրվել, քանի որ այն Ավստրալիայի միակ շրջանն է, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել։

Հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Մեթ Քլեյսիի խոսքով՝ չնայած որ պատվաստվածներից որևէ մեկը դեռ չի բողոքել վատ ինքնազգացողությունից, դեռևս վաղ է դեղամիջոցն աշխատող որակել, քանի որ բժիշկները պետք է վստահ լինեն դրա անվտանգության մեջ։

Մասնագետը մանրամասնել է, որ դեղամիջոցը դեռևս 49 կամավոր է ստացել, իսկ մնացածը նախքան պատվաստվելը վերջնական բուժզննում են անցնում։ Առաջին պատվաստումից վեց ամիս անց նրանց կրկնակի պատվաստում է սպասվում, որից հետո նրանք պետք է պարբերաբար անալիզներ հանձնեն, որպեսզի բժիշկները կարողանան կորոնավիրուսի դեմ իմունիտետի ձևավորումն ու դրա արդյունավետությունը գնահատել։ Սպասվում է, որ հետազոտությունների արդյունքներն այս տարվա վերջին պատրաստ կլինեն։