ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը գերմանական «Բավարիայի» և իսպանական «Սևիլյայի» միջև, որը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում, կարող է չկայանալ: Այս մասին հայտնում են The New York Times-ը եւ The Times-ը:

Երկու հրապարակումներն էլ, հղում կատարելով Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշին, հայտնում են, որ Հունգարիայի կառավարությունը սեպտեմբերի 1-ից կրկին փակում է պետական սահմանները՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Գուլյաշը հավելել է, որ միայն ռազմական, հումանիտար շարասյուններին և դիվանագետներին է թույլատրվելու մուտք գործել Հունգարիա: Արդյոք կկարողանան արտասահմանցի ֆուտբոլիստները մուտք գործել Հունգարիա, մնում է անհասկանալի: Հրապարակումները հայտնում են, որ հանդիպումը կարող է չկայանալ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ արտերկրից տուն վերադարձող հունգարացիները կկարանտինացվեն, և նրանք պետք է երկու բացասական թեստ ներկայացնեն COVID-19-ի համար:

«Բավարիա»-«Սևիլյա» հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: Այն նախատեսվում էր անցկացնել հանդիսականների ներկայությամբ, ինչը համաճարակի մեկնարկից հետո դեռ տեղի չի ունեցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային հանդիպումներում: Ավելի վաղ «Բավարիան» վեցերորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «Սևիլյան» ռեկորդային վեցերորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: