Ճապոնական SkyDrive ընկերությունը ուրբաթ օրը հայտարարել է թռչող մեքենայի հաջող փորձնական թռիչքի մասին, որի մեջ մեկ մարդ է եղել, հաղորդում է Fox News-ը:

Ընկերությունը հրապարակել է փորձարկման լուսանկարները, որոնցում պատկերված է թռչող մեքենան՝ գետնից մի քանի մետր բարձրության վրա:

«Մենք ուզում ենք՝ հասարակությունը գիտակցի, որ թռչող մեքենաները մատչելի եւ հարմարավետ փոխադրամիջոց են, եւ մարդիկ կարող են կյանքի անվտանգ ու հարմարավետ նոր ուղի փորձարկել»,- ասված է ընկերության գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկազավայի հայտարարության մեջ:

Նա նաեւ հույս է հայտնել, որ թռչող մեքենաները մինչեւ 2023 թվականը նոր իրականություն կդառնան՝ միաժամանակ նշելով, որ ընկերության առաջնահերթ խնդիրը տրանսպորտային նոր միջոցների անվտանգությունն ապահովելն է: