Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Ազգերի լիգայի շրջանակում առաջիկա խաղերին թիմին չմիանալու որոշմանը։

«Հենոյին մոտ 15 տարի ճանաչում եմ, չեմ ուզում հերթով նշել նրա նվաճումները որպես մարզիկ և որն ավելի կարևոր է, նրա որակները որպես մարդ!! Ինքը էնքան արած ունի, որ հաստատ վաստակել է իրավունք ինչ-որ պահի մի փոքր ավել հանգստանալ… Եթե նա որոշել է երկու խաղ բաց թողել, ուրեմն կտրուկ պատճառ ունի! Վստահ եմ դեռ շատ երկար ենք նրա գեղեցիկ խաղին ականատես լինելու թե Հավաքականում, թե ակումբում»,- գրել է Պաչաջյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանիանունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»: