Նախօրեին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, հայտնելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանի ծեծի փաստով հիմնարկի երկու աշխատակից է ձերբակալվել։ Նրանց առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Ըստ Դատախազության՝ փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ Դատախազությունը կարևոր փաստեր է թաքցնում։ Մասնավորապես՝ Վահագին տարել են ոչ թե հիմնարկի, այլ ռեժիմի պետի սենյակ, որտեղ լույսերն ու տեսախցիկներն անջատված են եղել։ Բացի այդ, Աբգարյանին ոչ միայն ծեծել, այլև՝ գլխից դանակահարել են

«Գիշերը 11 անց կեսի սահմաններում տարել են ռեժիմի պետի սենյակ ու միանգամից մի քանի հոգով հարձակվել վրան։ Մութ է եղել, ոչ մեկի դեմքը չի տեսել Վահագը։ Հետո միանգամից դանակի հարված է ստացել և սկսել շատ ուժեղ արյունահոսել, բայց այդ պահին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Միայն հաջորդ օրը, երբ ես ու պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այցելեցինք իրեն, մեր պահանջով Շտապ օգնության բրիգադ կանչվեց և տեղափոխվեց «Աստղիկ» ԲԿ»,- մանրամասներ է հայտնում իրավապաշտպանը։

Դանակահարությունից հետո Վահագն Աբգարյանը բավականին արյուն է կորցրել։ Պողոսյանի պնդմամբ՝ այս ամենը վարչակազմի պատվերով և հովանավորչությամբ է տեղի ունեցել։

Աբգարյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ նմանօրինակ ձերբակալությունների միջոցով փորձ է կատարվում հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե գործով կատարվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն․

«Իսկ այն, որ Վահագն Աբգարյանը ոչ թե ծեծվել, այլ քրեական ենթամշակույթում աստիճանակարգ ունեցող անձի կողմից դանակահարվել է և, որ դանակահարվել է ոչ այլ տեղ, քան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեժիմի պետի աշխատասենյակում, այս հանգամանքները պարզապես կոծկվում են»:

Նշենք, որ դեպքից օրեր անց Քրեակատարողական ծառայությունից ներկայացնում էին, թե կալանավոր Վահագն Աբգարյանը խցում վատ է զգացել, վայր է ընկել և, վնասելով ձեռքը, տեղափոխվել է հիվանդանոց։ Forrights-ի հրապարակման հաջորդ օրը միայն ՔԿԾ-ն հայտարարեց, թե օպերատիվ տեղեկություններ ունի, որ Աբգարյանի մարմնական վնասվածքներն առաջացել են այլ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով․

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: