«Ես չեմ հավատա, եթե աշխարհում լինի որևէ մեկը, որը կասի՝ դիմակից հաճույք է ստանում»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսելով դիմակների կրման, երկրում կորոնավիրուսով պայմանավորված վիճակի մասին` ասել է բժշիկ Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքերով՝ ենթադրաբար երեխաների համար դիմակներով դժվար կլինի դպրոցում, սակայն մեծահասակները նույնպես օրինակելի չեն դիմակի կրման հարցում:

«Ես ձեզ կարող եմ վստահաբար ասել, որ դիմակ կրողների առնվազն 50-60 տոկոսն այդ դիմակը սխալ է կրում, և կրած-չկրած՝ մեկ հաշիվ է. քիթն է բաց, նորմալ ֆիքսված չէ, նայում ես էդ դիմակի կեղտը… Ասվում էր, չէ՞, որ դիմակը կարող է բազմակի օգտագործման լինել, բայց գոնե դրանք ամեն օր պետք է լվանալ»,- նկատել է նա:

Հարցին, թե համարում է, որ ՀՀ-ում առողջապահական համակարգը տապալվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, Վահե Տեր-Մինասյանն ասել է

«Ա՛յ, տապալվեց իտալական առողջապահական համակարգը, երբ ստեղծվել էր մի իրավիճակ, որ մարդկանց ուղղակի չէին գնում օգնելու: Եղան պացիենտներ, որ բժշկական օգնություն չստացան և մահացան: Ի պատիվ Հայաստանի առողջապահական համակարգի՝ բժիշկների, բուժքույրների, մայրապետների, որոնք աշխատեցին ֆանտաստիկ ռեժիմով, ես կարող եմ ասել, որ Հայաստանում նման իրավիճակ չունեցանք»,- հավաստիացրել է Տեր-Մինասյանը՝ ընդգծելով, որ համակարգն աշխատել է գերծանրաբեռնված, բայց դիմացել է:

«Այո՛, հազարից ավելի մահ ենք ունեցել, բայց դրանք եղել են մարդիկ, ում տրվել է բժշկական օգնություն, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ է եղել: Առողջապահական համակարգի մեջ ես խնդիր չեմ տեսնում: Այո՛, եղել են երկրներ, որտեղ ավելի քիչ են զոհերը: Փաստորեն նրանց փորձն ավելի հաջողված ստացվեց, և եղել են մեզնից շատ ավելի հարուստ երկրներ, որոնք ավելի վատ վիճակում են հայտնվել: Շատ հեշտ է կողքից նայել, Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, աղաղակել, իսկ աշխատելը դժվար է»,- հավելել է նա: