Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը:

«Նրանց մի մասը ժամանել էր հայտնի պայթյունից առաջ, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երեւան: Այս հոսքը շրունակական է, այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր թռիչքները համարյա լիքն են գալիս:

Եկողներն ունեն տարբեր բնույթի խնդիրներ եւ մենք անընդհատ իրենց հետ կապի մեջ ենք, ընառաջում ենք: Այն փաթեթը, որի վրա աշխատում ենք, դեռ ուժի մեջ չի, հետեւաբար դրանից դեռ չեն կարող օգտվել, սակայն եկողների մի մասը իրականում պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չունի: Իսկ որ մասն ունի, մենք գտնում ենք իրենց համար լուծումներ:

Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում տնտեսական ճգնաժամից ու պայթյունից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Հետեւաբար, կզարմանաք, թե քանի մարդիկ են առաջարկում իրենց տները: Մարդիկ կան, որ իրենց հանգստյան տներն են առաջարկում: Այսինքն փոքր ծավալներով կարողանում ենք հոգալ բոլորի կարիքները»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ փաթեթն ուժի մեջ մտնի, կունենանք այլ լուծումներ, իսկ փաթեթը սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ կդրվի: