«Հյուսիսային հոսք-2»-ը տնտեսական նախագիծ է, որը պետք է ավարտին հասցնել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարծում ենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը պետք է ավարտին հասցնել»,-նշել է նա։ «Կարծում եմ՝ նպատակահարմար չէ կապել այդ տնտեսական նախագիծը Նավալնիի գործի հետ»,-ասել է Մերկելը։ Նրա կարծիքով՝ այդ ասպեկտը պետք է դիտարկել միմյանցից անկախ»։

«Մենք դեմ ենք ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներին»,-ասել է կանցլերը՝ քննարկելով նախագծի ուղղությամբ Վաշինգտոնի ճնշումը։

«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը ենթադրում է գազատարի երկու ճյուղի կառուցում Ռուսաստանի ափամերձ շրջաններից Բալթյան ծովով դեպի Գերմանիա։ Ներկայում կառուցվել է դրա 93,5 տոկոսը։ Նախագծի իրագործումը կասեցվել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Allseas շվեյցարական ընկերության նկատմամբ, որը դադարեցրել էր աշխատանքներն ու հեռացրել իր նավերը։

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկում օգոստոսի 20-ին, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Նա գտնվում էր կոմայի վիճակում եւ միացված էր արհեստական շնչառության սարքին։ Օգոստոսի 22-ին նա տեղափոխվել էր Գերմանիա բուժում ստանալու նպատակով։ Օգոստոսի 24-ին գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ հայտնաբերել են նրա օրգանիզմում քիմիական նյութեր, սակայն դեռեւս հայտնի չէ, մասնավորապես, ինչ նյութեր են։