Համավարակի օրերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տարաբնույթ առցանց միջոցառումներին զուգահեռ անմասն չի մնացել նաև գրադարանավարների վերապատրաստման գործընթացից։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 15-ը գրադարանը ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար իրականացրել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը, որին մասնակցել է Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերի գրադարանների թվով 70 աշխատակից: Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված ծրագիրն իրականացվել է հեռավար ձևաչափով, որը ներառում էր գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ ընդգրկող 12 թեմա։

Ծրագիրը նպատակ ուներ մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ փոխանցել գրադարանավարներին, նպաստել մարզերում գրադարանային գործի բարելավմանն ու զարգացմանը: Դասախոսների գիտելիքները և աշխատանքային փորձը հնարավորություն տվեցին մասնակիցներին հաղորդելու տեսագործնական իմացություններ: Դասերի ավարտին մասնակիցներն ընդգծեցին այն ավելի հաճախ կազմակերպելու, իսկ հեռանկարում հատկապես` դրա առերես, ոչ հեռավար անցկացման անհրաժեշտության մասին:

Գրադարանավարները ամփոփման ժամանակ հայտնեցին, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում և կփոխանցեն գործընկերներին:

Նրանց կարծիքով դասընթացը հետաքրքիր, ուսանելի, բովանդակալից, օգտակար, անհրաժեշտ, նպատակային, մասնագիտական գիտելիքներ փոխանցող, լավ կազմակերպված, դրական և արդյունավետ համատեղ, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում իրականացվող աշխատանք էր: Որպես նորարարական թեմաներ առանձնացվեցին գրադարանային գործընթացների ավտոմատացումը, թվայնացումը և մարքետինգը:

Բոլոր մասնակիցներն առաջարկեցին ավելի հաճախ և շարունակաբար իրականացնել դասընթացներ մասնակիցների ներգրավվածությունն ապահովելու համար, նույնիսկ առաջարկվեց առանձին, արդեն կենդանի շփման ձևաչափով դասընթաց կազմակերպել Վանաձորի ԳԿՀ-ի աշխատողների համար: Ծրագրի արդյունքում վեր հանվեցին նաև մարզային ու համայնքային մի շարք գրադարաններում առկա տարաբնույթ հիմնախնդիրներ. դիտարկվեցին համայնքային գրադարանների մեծ մասի շենքային անհարմար պայմանները, հավաքածուի ընթացիկ համալրման խնդիրները, գրադարանային տեխնիկայի բացակայությունը: Այս առումով վիճակը բարվոք էր Շիրակի մարզի համայնքային գրադարաններում: Նախատեսվում է դասընթացները դարձնել շարունակական՝ ներգրավելով ՀՀ բոլոր մարզերի և համայնքների գրադարանավարներին։