Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն պատկանող հիդրոէլեկտրակայանի գլխամասային հանգույցը խախտումներով է կառուցվել։ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումների համար ակտ է կազմել, որը չի ընդունում հէկը շահագործող ընկերությունը։ Ավելին, դատական կարգով այժմ վիճարկում է տեսչական մարմնի կազմած ակտը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները 2019 թ․-ին հողերի օգտագործման խախտումներ են հայտնաբերել Տավուշի մարզի Լուսաձոր և Խաշթառակ համայնքներում։ Այս համայնքների վարչական տարածքները բաժանվում են Աղստև գետով։ Լուսաձոր համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ փոքր հէկի ջրահավաք ավազանը կառուցելու նպատակով համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանը 2013 թ․-ին գրությամբ դիմել է Տավուշի մարզպետին, որպեսզի նա էլ իր համայնքի ջրային հողերից հողահատկացման նպատակով միջնորդություն ներկայացնի Ջրային տնտեսության կոմիտե: Կոմիտեն տվել է համաձայնություն, և «Դավսեր» ՍՊԸ-ին պետական սեփականություն համարվող ջրային հողերից հողահատկացում է կատարվել՝ կառուցապատման իրավունքով։ Պետական գրանցում է կատարվել 420 քմ ջրային հողի նկատմամբ, սակայն ընկերությանը տրամադրված տարածքը, որը չափագրվել և հետագայում տեղադրվել է կադաստրային քարտեզում, համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական այլ հողամաս է։

Հետագայում «Դավսեր» ՍՊԸ-ն կառուցապատման իրավունքը վաճառել է «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ին, որին էլ 2016 թ․-ի մարտի 2-ին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ մեկ ամիս անց՝ շինարարական թույլտվություն։ 2017 թ․-ին էլ «Կոկ» փհէկին տրվել է գլխամասային հանգույցի ավարտական ակտը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: