«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԶԱՏԵՆՔ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ

Սիրելի՛ հայրենակիցներ
Թշնամու ձեռքում հինգ հայ գերի կա։

Նրանց անուններն են՝

ԳՈՒՐԳԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՆԱՐԵԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՐԱՅԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՐՍԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Նրանք մեր Հայրենիքի մի մասն են՝ մեր հոգուց և մարմնից։
Պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում գերի լինել ցեղասպանին։

Եթե մենք հայ ենք և Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա պետք է գիշեր ու զոր մտածենք ու գործենք հանուն մեր Հայրենիքի գերեվարված մասնիկների ազատության։
Նույն կերպ պետք է վարվեր մեր կառավարությունը։ Սակայն, իբրև թե միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ չոր ու հերթապահ հաղորդագրություններից բացի, մենք չենք տեսնում ո՛չ իրական գործունեություն, ո՛չ արդյունք։
Եթե պետք է, ապա կառավարությունը, բացի դիվանագիտական քայլերից, պարտավոր է նաև թշնամուն դնել նույն վիճակի մեջ, որպեսզի ստիպված նա՛ խնդրի գերիներին փոխանակել։
Մինչդեռ կառավարությունը ոչ միայն չի ստեղծում նման վիճակ, այլև հանգամանքների բերմամբ ստեղծած հնարավորությունն է մսխում։ Մեկուկես ամիս առաջ Տավուշի հատվածում թշնամու դիակները հենց այնպես վերադարձվեցին։ Մարդիկ հուշում էին, որ կարող ենք հետ բերել գերիներին, բայց Կառավարությունը չլսեց մեր ձայնը և տղաներին թողեց թշնամու ձեռքում։
Մեր սիրելիները, մեզանից բացի, իրենց կյանքին, ընտանիքին և Հայրենիքին կապող ոչ մի հույս ու հեռանկար չունեն։
Մենք՝ որպես հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պարտավոր ենք մշտապես հիշել և հիշեցնել գերիների ազատության մասին։
Կառավարությունից պահանջում ենք բոլոր, այդ թվում՝ ռազմական, քայլերի միջոցով հետ բերել գերիներին։
Ազգային արժանապատվությունը ամեն ինչից թանկ է և մենք ոչ մի պատճառաբանություն լսելու ցանկություն չունենք։

Կառավարությունը պարտավոր է և վե՛րջ։
Կոչ ենք անում միանալ գերիների ազատության պայքարին։

«Ազատենք գերեվարված հայորդիներին» նախաձեռնություն»: