Կառավարության շենքի բակում կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները, որոնք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցի ՌԴ դեսպանատան հետ՝ իրենց մեկնելու հարցը կարգավորելու համար։

Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վրաստանի տարածքով այսօր երկու ավտոբուս է անցել, որոնք տեղափոխել ՌԴ քաղաքացիներին Ռուսաստան։

«Այսօր դուրս է եկել երկու ավտոբուս, որոնց թույլտվությունը տվել է դեսպանատունը եւ պատասխանում են, որ  միայն ՌԴ քաղաքացիների համար է։ Ես ասում եմ՝ ինչի՞ համար, չէ՞ որ կան այստեղ ՀՀ քաղաքացիներ, որոնք այնտեղ ունեն բիզնես, երեխաներ, հիվանդ մարդիկ կան, որոնք օդային տարբերակով չեն կարողանում մեկնել։ Ուզում ենք, որ պարոն վարչապետն օգնի մեզ»,- ասաց քաղաքացին։

Նա ասաց, որ զանգել է դեսպանատուն՝ հասկանալու համար, թե իրենք ինչպե՞ս կարող են Վրաստանի տարածքով մեկնել ՌԴ. «Զանգեցի դեսպանատուն, այնտեղից ասացին՝ այո, մարդիկ մեկ ամիս նստել են սահմանի մոտ, հավաքել են 90 հոգի, անձնագրի անուն-ազգանունն ուղարկել են մեր փոստի հասցեին, մենք էլ  համաձայնություն ենք տվել։ Բոլորն էլ հայ են, մեզ ոնց որ դրել են մի կողմ, եթե Ռուսաստանի հայ ենք, ինչո՞վ ենք վատ, որ Հայաստանի հիմնադրամին գումար ենք ուղարկո՞ւմ»։