Այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դոցենտ Արփինե Հովհաննիսյանի եւ իր նախկին ուսանող Մարիամ Այվազյանի հեղինակած գրքի շնորհանդեսը, որը վերաբերում է մեդիաիրավունքին։

Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա իր առաջին հեղինակային գիրքը չէ. «Մի  շարք գրքերի հեղինակ եւ համահեղինակ եմ, որոնք մասնագիտական ուղղվածություն ունեն։ Մեդիաիրավունքի դասագիրք գրելու մտահղացումը բավական երկար տարիների պատմություն ունի։ Երբ իրավաբանական ֆակուլտետին զուգահեռ սկսեցի նաեւ ԵՊՀ-ի Ժուսնալիստիկայի ֆակուլտետում դատավանդել։ Տարբեր կարգավիճակներում գործունեությամբ պայմանավորված՝ շատ էի առնչվում այդ ոլորտում առկա տարբեր տարբեր խնդիրների եւ ուսումնասիրում միջազգային փորձն ու դատական պրակտիկան։ Այս գիրքը իմ եւ նախկին ուսանողիս համատեղ ուղղու ամփոփումն է»

Նա նշեց, որ գիրքը միայն հայկական իրականությանը վերաբերող չէ. «Արծարծված են հայկական մեդիատիրույթում առկա հիմնական խնդիրները, բայց բացահայտված է ամբողջ միջազգային պրակտիկան։ Փորձել ենք ներկայացնել ՄԻԵԴ-ի փորձը, Արդարադատության Եվրոպական դատարանի հեղինակավոր կառույցները եւ նորույթներ ներկայացնել, որոնք լրագրողների համար պրակտիկ նշանակություն ունեն»։

Հովհաննիսյանի խոսքով՝ այն լրագրողը, որը կծանոթանա գրքում ներկայացված կարգավորումներին՝ ավելի պաշտպանված կլինի. «Բերելով իր իմացությունը հանրային դաշտ՝ կստիպի իրավակիրառ մարմիններին, իրավապահ մարմիններին, դատարաններին՝ ուզենալով, թե չուզենալով կիրառել այդ պրակտիկան։ Մենք ունենք ՄԻԵԴ-ի շատ որոշումներ, որոնք այսօր քննարկվում են, ասում են՝ չկա այդ կարգավորումը մեր օրենսդրության մեջ, սակայն ՄԻԵԴ-ը տարիներ առաջ այդ հարցին լուծում է տվել։ Հույս ունեմ, որ այս գիրքը նպատակին է ծառայելու։ Սա այն ամենն է ինչ պետք է լրագրողներն իմանան իրավաբանության մասին, իսկ իրավաբաններն իմանան լրագրության մասին»։

Հարցին՝ պաշտոնյաներից ինքն ո՞ւմ խորհուրդ կտա կարդալ իր հեղինակած գիրքը, Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ՝ մեկ պաշտնոյայի չէ, այլ պաշտոնյաների համախմբի։ Ընդ որում, ոչ միայն ներկա, այլ նաեւ ցանկացած ժամանակի իշխանության կարող է վերաբերել, որովհետեւ հակվածությունն ու գայթակղությունը միշտ մեծ են լրատվամիջոցներին՝ թե լռեցնել, թե զսպել»։

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա գիրք է՝ բոլորի համար։