Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են նախատեսվում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ նախագծով փոխհատուցման մեխանիզմներ են առաջարկվել սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին տրամադրվող դասագրքերի մասով. «Երկրորդ բլոկը վերաբերվում է գնդակոծությունների հետեւանքով ոչնչացված գույքի, այդ թվում կենդանիների, փոխհատուցմանը: Երրորդ բլոկը վերաբերվում է միանվագ դրամական փոխհատուցումներին այն անձանց, որոնք ձեռք են բերում առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն՝ համապատասխանաբար 3 մլն դրամ, 2 մլն դրամ եւ 1 մլն դրամի չափով: Իսկ զոհված անձանց ընտանիքի անդամներին 5 մլն դրամի չափով դրամական փոխհատուցում է նախատեսվում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ փաստորեն այս նախագծով առաջարկվում է սահմանապահ գյուղերի մարտական գործողությունների կամ հարձակման պարագայում տուժած բնակիչներին միանվագ դրամական աջակցություն ցուցաբերել: