Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։

Ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է՝ ձեռնակատիրական հմտությունների զարգացման,  գաղափարների իրագործման, մրցունակության բարձրացման միջոցով, որը հնարավորություն կտա նաեւ ապահովել ՓՄՁ-ների համար ներքին եւ արտաքին շուկաների հասանելիությունը։

Ռազմավարության թիրախային միջոցառումներն ուղղված են ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ ձեռնարկատիրական մշակույթի խթանման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ եւ իրավական միջավայրի ձեւավորմանը։

2020-2024թթ․-ին իրականացվելիք միջոցառումներից է ձեռներեցական հմտությունների զարգացմանը եւ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների իրականացումը, որին կմասնակցեն տարեկան հազարից ավել շահառուներ։ Կենսունակ գաղափարների իրագործման խթանման նպատակով շուրջ 250-300 կազմակերպությունների կտրամադրվեն վարկային երաշխիքներ։

Ներքին եւ արտաքին շուկաների հասանելիության բարձրացման նպատակով աջակցություն կտրամադրվի կազմակերպությունների՝ միջազգային առեւտրի հարթակներում ներկայացվածության, ինչպես նաեւ Հայաստանում առցանց առեւտրի զարգացման համար։ Այս համատեքստում սահմանված թիրախներին հասնելու համար հատկապես կարեւոր է նաեւ ռազմավարությամբ նախատեսված նորարարության եւ թվայնացման խթանման միջոցառումների իրականացումը։

ՓՄՁ-ներում արտահանման խթանման նպատակով առանձնացվելու են արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունները, բացահայտվելու եւ ուսումնասիրվելու են արտաքին շուկաներում առկա խոչընդոտները, կատարվելու է պահանջարկի վերլուծություն, որի արդյունքում էլ տրամադրվելու է թիրախային աջակցություն։

Ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի ձեւավորման եւ կատարելագործման նպատակով նախատեսվում է բարելավել ՓՄՁ վիճակագրությունը, ինչպես նաեւ ապահովել կրթական, վերլուծական եւ տեղեկատվական նյութերի առցանց հասանելիությունը՝ ձեռնարկատիրությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար։

Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023թթ-ի արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։ ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։

Ռազմավարությունը մշակվել է դեռեւս 2019 թվականին, սակայն վերանայվել եւ արդիականացվել է համավարակի հետեւանքները արտացոլելու եւ կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած բարդությունների եւ մարտահրավերների հաղթահարման ուղիներ սահմանելու համար։ Համավարակի հետեւանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարեւորություն է տրվել սնանկության գործընթացի եւ երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը։

Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը եւ աճելու է զբաղվածների թիվը, այլ նաեւ փոխանցվող հմտությունների եւ բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի եւ եկամուտների վերականգնման այլընտրանք։