Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում հաստատեց ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը:

Կարգում նշվում է, որ ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք պարտավոր են բնակչությանը տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի և բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին:

Բնակչության իրազեկման տեղեկատվությունը ներառում է.

1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության մասին տեղեկատվություն.

2) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի լաբորատոր հետազոտությունների մասին տեղեկատվություն.

3) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին տեղեկատվություն:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բնակչությանը իրազեկելու միջոցով հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը,  պահպանել բնակչության առողջությունը` ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը կրճատելու արդյունքում նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:

Բացի այդ, նախագծի ընդունումը թույլ կտա իրականացնել Կոնվենցիայի դրույթների պահանջները: