ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը  2020թ. մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնի տարածք եւ բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել տարբեր տեսակի ծառեր: Այնուհետեւ, իր 24-ամյա ընկերոջ ավտոմեքենայով փայտանյութը տեղափոխել է Լոռու մարզի Լորուտ վարչական շրջանի տարածքում գտնվող կարի գործարանի տարածք` կենդանական եւ բուսական աշխարհին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:

2020թ. մարտի 5-ին, 51-ամյա բնակիչը  իր վերոնշյալ ընկերոջը հավաստիացրել է, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ունի համապատասխան փաստաթուղթ, նրա հետ միասին նույն գործարանի տարածքից փայտանյութը բեռնել են իրեն պատկանող «Զիլ 130» համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որից հետո միայնակ ուղեւորվել է դեպի Վանաձոր քաղաք:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցվել է, ենթարկվել ստուգման եւ, փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաղթերի բացակայության պատճառով, տեղափոխվել Ոստիկանության տուգանային հրապարակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: