Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ երկիրը սկսել է ընդունել Բելառուսի քաղաքացիներին՝ առանց վիզայի և անհրաժեշտ փաստաթղթերի․ Բելառուսի քաղաքացիների համար մուտքի հեշտացված ընթացակարգի մասին լեհական իշխանությունները մի քանի օր առաջ էին հայտարարել, գրում է eadaily.com կայքը։

«Լուկաշենկոյի ռեժիմից տուժած Բելառուսի մի քանի տասնյակ քաղաքացիներ Լեհաստանի տարածքում օգնություն են գտել»,- նշել է Մորավեցկին և հավելել, որ առողջապահության նախարարին խնդրել է հիվանդանոցներ նախապատրաստել, որպեսզի դրանք արևելքից ժամանած հարևանների ընդունելության հնարավորություն ունենան։

Վարչապետի խոսքով՝  «դրա անհրաժեշտությունը կա»։ Նշվում է, որ լեհական իշխանություններին կազմակերպություններ ու անհատներ են դիմում՝ հաղորդելով «ոստիկանության կողմից լրջորեն ծեծված, տանջված մարդկանց մասին»։ Վարչապետն ընդգծել է, որ Լեհաստանը պատրաստ է տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին: