ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Examiner-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ վերջերս նկատել է՝  նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հեռուստատեսային բանավեճերում հանկարծ մեծ առաջադիմություն է սկսել ցուցաբերել․ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ դա կապված է վերջինիս կողմից թմրանյութերի օգտագործման հետ։

Թրամփը պահանջել է, որ և՛ ինքը, և՛ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը բանավեճերից առաջ արյան մեջ թմրանյութերի առկայությունը պարզող թեստեր հանձնեն՝ պնդելով, որ նրա առաջընթացի համար ուրիշ ոչ մի այլ պատճառ չի կարող լինել։

«Ոչ ոք չէր մտածում, որ նա ընդհանրապես կհաղթի։ Քանի որ նրա բանավեճային հմտություններն այնքան վատն էին»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստվում են դիմել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների բանավեճերի կազմակերպման հանձնաժողովին՝ բանավեճից առաջ արյան մեջ թմրանյութերի առկայությունը ստուգող թեստեր հանձնելու համար։

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ. նոյեմբերի 3-ին: