Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հինգերորդ գերին ունենք թշնամու ձեռքում։

Բայց գերիներին հետ բերելու համար գրեթե չեն օգտագործվում ոչ միայն դիվանագիտական, այլև գետնի վրա եղած գործնական, առաջին հերթին՝ ռազմական կարողությունները։

Փոխարենը գաղտնիության կեղծ շղարշով ծածկվում է պետության աշխատանքը կամ դրա բացակայությունը։ Խոսքը չի վերաբերում բանակցային մանրամասներին, այլ գործընթացին և արդյունքներին, որոնց մասին մեր ժողովուրդը չի իրազեկվում։

Ստեղծված իրավիճակում, երբ փաստի առաջ ենք կանգնել, պարտավոր ենք նույնպիսի փաստի առաջ կանգնեցնել թշնամուն և ազատել մեր գերված քաղաքացիներին։

Իսկ, առհասարակ, այս վիճակի պատճառը 1994-ից առ այսօր հրադադարի անվան տակ տեղի ունեցող սողացող պատերազմի հետ հաշտվելն է։

Հայկական կողմը կարող է և պարտավոր է դիվանագիտորեն և ռազմականորեն թշնամուն պարտադրել իրական հրադադար, որի պայմաններում կբացառվեն թե՛ զոհերը, թե՛ գերեվարությունները։

Ցավոք սրտի, այսօրվա վարչախումբը նաև այս հարցում է նախկինների իրավահաջորդ և մատը մատին չի տալիս իրավիճակը փոփոխելու համար»։