Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Սա խայտառակություն է:

Փաստորեն հասարակությունը, եւ առաջին հերթին՝ համայնքը, չկարողացավ պաշտպանել երեխային:

Հաստատ այդ ընտանիքի երեխաները դուրս են եկել, խաղացել, շփվել մարդկանց, համայնքի մյուս հասակակից երեխաների հետ, մյուսները՝ ավելի ավագները հաճախել են դպրոց:

Եվ ի՞նչ: Ոչ ոք ոչ մի բան չի նկատել, որովհետեւ քար անտարբերություն է եղել:

Բա ինչի՞ համար են համայնքի ավագանին, գյուղի մեծերը, ավագները, եղանակ ստեղծողները:

Այս դեպքն աննախադեպ դաժան է:

Պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան ապրումներով են մեծանալու 6-ամյա երեխայի քույր-եղբայրները:

Հանրությունը պետք է սթափվի:

Համայնքապետարանի գործունեությունը միայն գումար հավաքելը եւ բաշխելը չէ: Համայնքապետարանի գործունեությունն առաջին հերթին բնակիչներին լավ ճանաչելն ու նրանց հոգսերը թեթեւացնելն է, առողջ եւ բարոյական մթնոլորտի ձեւավորումն է:

Իսկ տվյալ դեպքում այդ ընտանիքում բարոյական արժեքներն իսպառ վերացած են եղել, ցավոք»: