Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ընթացող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննությանը պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։

Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի. «Նույնիսկ այսօր տեսանք՝ չկարողացավ այս վատ վիճակի պատճառով դատական նիստին ներկայանալ։ Գտնում եմ, որ առնվազն գրավը այստեղ պատշաճ միջոց կարող է հանդիսանալ»։

Երեմ Սարգսյանն անդրադառնալով մեղադրող դատախազի այն խոսքին, որ Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ասաց. «5 ամիս ստորագրությամբ ազատության մեջ էր. ի՞նչ փոխվեց»։

Պաշտպանը շեշտեց, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա։

«Երբ Գերմանիայից մեկ զանգով է ներկայանում իրավապահ մարմիններին, մեղադրյալ ներգրավվելուց գալիս ու ներկայանում էր։ Ձերբակալումից հետո երբ տարան դատարան՝ կալանավորման, մենք խնդրում էինք՝ հիվանդանոց տանել, սակայն թույլ չէին տալիս, 72 ժամը լրանալուց հետո ազատության մեջ է եղել. նա այդ դեպքում էլ չթաքնվեց։ Գնաց բուժվելու, զանգեցին ԱԱԾ-ից ասացին՝ որտե՞ղ եք գտնվում եւ ո՞ր հիվանդանոցում, ներկայացավ ու տեղափոխեցին ՔԿՀ։ Առողջական վիճակը դատարանին պարտադրում է ազատ արձակել, հիմնավոր կասկածի բացակայություն, կալանավորման հիմքերը պարտադրում են»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Մյուս պաշտպան Ամրամ Մակինյանն էլ շարունակելով Երեմ Սարգսյանի խոսքն ասաց, որ այս քրեական գործը կառուցված է միֆերի վրա. «Էս գործը փրկություն չունի, որովհետեւ նախաքննության գաղտնիությունն ավարտվել է»։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):