Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցված են, պատգամավորի մանդատ տվեց Ստեփան Ստեփանյանին։

«ԿԸՀ-ն արձանագրում է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Սամվելի Ստեփանյանին»,- հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նշենք, որ ԿԸՀ- նախագահ Տիգրան Մուկուչյանը բացակայում էր նիստից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ստիպված է վայր դնել պատգամավորական լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել գործունեությունը՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Տիկին Թանդիլյանը առողջական խնդիրներ ունի, որոնք ըստ նրա՝ անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։