Ինժեներային քաղաքում մշակվել է Կուբսատ նանոարբանյակի նախնական ուսումնական մոդելը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսում ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը հիշեցրեց, որ ընթացիկ տարվա մարտին խորհրդարանն ընդունել էր «Տիեզերական գործունեության մասին» նոր օրենք։ Նա ընդգծեց, որ օրենքով կարգավորվում են Հայաստանի տիեզերական գործունեության բոլոր ասպեկտները։ Նաեւ համապատասխան լրացումներ են կատարվել «Լիցենզավորման մասին» օրենքում, հարկային արտոնություններ են նախատեսված այն ընկերությունների համար, որոնք կսկսեն աշխատել այս ոլորտում։

Այս համատեքստում նախարարը տեղեկացրեց «առաջին ծիծեռնակի» հայտնվելու մասին։ Նա շեշտեց, որ Ինժեներային քաղաքում մշակվել է Կուբսատ նանոարբանյակի նախնական ուսումնական մոդելը։ «Այլ խոսքով՝ այս ուղղությամբ արդեն կատարվում են աշխատանքներ։ Նոր տեղեկություններ հայտնվելու դեպքում ես ձեզ կիրազեկեմ»,- ասաց նախարարը։

Խոսելով միջազգային միտումների մասին՝ նախարարը նշեց, որ տիեզերական արդյունաբերության ոլորտը հասնում է շուրջ 250 մլրդ դոլարի եւ շարունակում է աճել։ Արշակյանը վստահ է, որ Հայաստանում այս ոլորտում կա ե՛ւ գիտահետազոտական, ե՛ւ ինժեներական ներուժ, որը պետք է օգտագործվի։