Հայ եկեղեցու պատմություն առարկան իհարկե այս ուսումնական տարում պահպանվում է, որովհետեւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով հստակ ամրագրված է, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուսումնական տարուց: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Այսինքն հստակ է, որ մենք առարկայացանկի փոփոխությունների մասին խոսելու ենք 2022-2023 թթ ուսումնական տարվա համար:

Ես ճիշտն ասած, հանրակրթության բովանդակային փոփոխության խնդիր չեմ տեսնում Հայ եկեղեցու պատմության եւ հայ ժողովրդի պատմության համադրմամբ: Մենք ընդամենը խոսել ենք այն մասին, որ եկեղեցու պատմությունը հայոց ընդհանուր պատմության մի մասն է եւ պետք է արտացոլված լինի հայոց պատմության շրջանակներում: Սա չի նշանակում երկու առարկաների համադրում: Սա ընդամենը նշանակում է  հայոց պատմության ամբողջական ներկայացում, ինչը եւ արվել է»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, օրինակ արվեստի չափորոշիչում կան թեմաներ, որոնք վերաբերում են նաեւ եկեղեցական արվեստին, միջնադարյան շարականներին. «Ինչ է սա, եթե ոչ գիտելիքի եւ հմտությունների փոխանցում: Հասարակագիտության մեջ էլ ներկայացնում ենք քրիստոնեական արժեբանական հիմքը: Այսինքն մեխանիկակական մոտեցմամբ առաջ չենք գնա»:

Ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչներին, փոխնախարարի խոսքով, նրանք մինչեւ 2022-23 ուսումնական տարին կկարողանան վերապատրաստվել, ինչպես մյուսները, ինչի արդյունքում կկարողանան իրենց տեղը գտնել նոր չափորոշչի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացում: