Մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն»,- գրել է Ստեփանյանը:
ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով՝ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու խնդիրները լուծելիս: Իրականացվում էին որոնողական աշխատանքներ: ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ, ապատեղեկատվություն է համարում: