ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ՀԾԿՀ նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

«Բարի լույսը բարի էր …

Այսօր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` Ա. Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց մեր վերաքննիչ բողոքը եւ կալանքից ազատեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին, ով ապօրինաբար մեղադրվում է ՀՀ Քր. օր. 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Շնորհակալություն Վերաքննիչ դատարանին…»,- գրել է նա։

Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նշենք, որ այս գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին, հանձնաժողովի նախկին անդամ Շիրազ Կիրակոսյանին։