ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սեւանի էնդեմիկ՝ Գեղարքունի եւ ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման եւ վերարտադրության գործընթացին։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սեւանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ իշխանի մանրաձկից արտադրվում է արդյունաբերական ձուկ, հետեւել են ձկների կերակրկման գործընթացին, ծանոթացել տնտեսությունում ներդրված սարքավորումներին։

Այնուհետեւ փոխնախարարների ներկայությամբ ափամերձ տարածքում առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել ձկների տեսակավորում ըստ քաշի եւ տեղափոխում ցանցավանդակների միջեւ:

«Արտահանման նպատակով ձկան տեսակավորման գործընթացն իրականացվում է առաջին անգամ է․ այստեղ ենք՝ հետեւելու գործընթացին։ Այդ սարքավորումը եզակի է Հանրապետությունում եւ տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տեղում բուծման եւ արդյունագործական նպատակով ըստ քաշերի տեսակավորել ձուկը», — նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ Սեւանի իշխանը հիմնականում արդյունահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ ԱՄՆ։

Այցի ընթացքում ներդրված սարքավորման միջոցով տեսակավորվեց շուրջ մեկ տոննա ապրանքային ձուկ, որը կիրառվելու է արտահանման նպատակով՝պատվիրատուին ըստ իր պահանջի համապատասխան քաշի ձուկ մատակարարելու համար։

Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումով ձկնաբուծարանում բուծվող ձուկը մասամբ բաց է թողնվում լիճ, իսկ մյուսը մասն օգտագործվում է վերամշակման նպատակով։ Դրանով իսկ էնդեմիկ այս ձկնատեսակների բուծումը ձեռք է բերում ոչ միայն բնապահպանական, այլեւ արդյունագործական կարեւոր նշանակություն։

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը նշել է, որ տնտեսությունում բուծվում է մոտ 220 տոննա Գեղարքունի եւ ամառային բախտակ ենթատեսակի ձուկ։ Նա ընդգծել է, որ տեսակավորման սարքի գործարկման եւ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ տնտեսությունում հաջողվել է հասնել ավելի բարձր արդյունքների։ Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։

2019 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 6000 տոննա ձուկ եւ ձկնամթերք եւ, չնայած համաճարակային ներկա իրավիճակին, այս պահի դրությամբ արտահանման ծավալները չեն զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Հանրապետությունում աստիճանաբար ավելանում են նաեւ այլ ձկնամթերքի, այդ թվում՝ խավիարի արտահանման ծավալները, որոնց ցուցանիշը 2019 թվականին կազմել է շուրջ 350 տոննա, մեծացել է նաեւ արտերկրում հայկական խավիարի պահանջարկը։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին ու պետական աջակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին, քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաեւ ձկնաբուծարանի զարգացման հեռանկարային ծրագրերը։